Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Միհրան Հակոբյան. Հրաժարականը պահանջ չէ, այլ փրկություն

Միհրան Հակոբյան. Հրաժարականը պահանջ չէ, այլ փրկություն
13.11.2020 | 22:09

Հրաժարականը պահանջ չէ, այլ փրկություն ոչ միայն մեր երկրի և ժողովրդի, այլև առաջին հերթին քո համար։ Բաց մի թող պատմական հնարավորությունդ՝ ֆեյսբուքում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

«Մի պահ փորձենք պատկերացնել իրադարձությունների այս սցենարով զարգացման պարագայում ներքաղաքական իրավիճակը և հասարակական արձագանքները Հայաստանում։ Եվ այսպես. պատերազմի ընթացքում հայկական ուժերը ցուցաբերում են անհրաժեշտ դիմադրություն և անմիջապես անցնում հակահարձակման ռազմաճակատի բոլոր ուղղություններով՝ ազատագրելով նոր տարածքներ ու հակառակորդին պատճառում հսկայական կորուստներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում պարբերաբար գրառումներ է կատարում նոր ազատագրված բնակավայրերի մասին։ Ադրբեջանական կողմը հերքում է այդ տեղեկությունները, ծիծաղում ֆոտոշոփի հայկական վարպետների վրա և հայտնում, որ մարտերը շարունակվում են․․․ Պատերազմի 45-րդ օրը ադրբեջանցիները ստիպված դիմում են Ռուսաստանի օգնությանը՝ խնդրելով դադարեցնել պատերազմը՝ երկիրն ամբողջությամբ չկորցնելու և զորքն ամբողջությամբ չկործանելու համար։ Ալիևը ստիպված է լինում ստորագրել հրադադարի մի ստորացուցիչ պայմանագիր, որի անգամ բովանդակությանը չի հասցնում ծանոթանալ, իսկ ծանոթացած դրույթների մասով հնարավորություն չի ունենում անգամ խմբագրական փոփոխություններ անել։ Նիկոլ Փաշինյանը մեծահոգաբար ժեստ է անում, որ Ալիևն այդ հայտարարությունը ստորագրի ոչ թե ուղիղ եթերում՝ տեսակապի միջոցով, այլ դրանից առաջ, բոլորից շուտ»,- գրել է Հակոբյանը և հարց բարձրացրել՝ «այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը կփախչեր կառավարական շենքից ու կգնար թաքնվելու անհայտ հասցեում գտնվող թաքստոցում, թե՞ դուրս կգար Հանրապետության հրապարակ՝ ողջունելու այնտեղ հավաքված իր ցնծացող ժողովրդին»։


«Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կանջատեի՞ն իրենց բջջային հեռախոսները, սոցիալական ցանցերի հաշիվներն ու կպատսպարվեին տարբեր անհայտ հասցեներում։ Մեր հայրենակիցները գրառումներում չէի՞ն փառաբանի և հերոսացնի Նիկոլ Փաշինյանին՝ այդ հաղթանակը վերագրելով նրա բացառիկ հատկանիշներին։ Մեր հայրենակիցներն իրենց անհաշիվ գրառումներում չէի՞ն գրի, որ այս հաղթանակում իրենց անուրանալի մեծ դերն ունեն Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Մանվել Գրիգորյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Վիտալի Բալասանյանը, Սամվել Բաբայանը և մյուսները․․․


Հիմա հարց։ Եթե հաղթանակի դափնիները Ձեզ պիտի պատկաներ ու միան Ձեզ, ապա ստորացուցիչ պարտության պատասխանատվությունն ինչու՞ է փորձ արվում բարդել ուրիշների վրա։ Եթե հաղթանակի հերոսը դու պիտի լինես, ինչու՞ պիտի ստորացուցիչ պարտության դավաճանը դու չլինես։ Պատերազմում ո՞ր պարտված երկրի ղեկավարն ու զինվորական հրամանատարն է շարունակում իր հետագա արարը․ հանուն ինչի՞, նոր պարտությա՞ն։ Եթե պաշտոնյան պիտի հրաժարական տա, էլ ո՞ր դեպքում, եթե ոչ դաժան պարտության, քո քաղաքացիների հազարավոր զոհերի, կորցրած տարածքների, մարդկանց ունեզրկման, նվաստացման և բարոյալքման դեպքում։ Միգուցե գյուղատնտեսության ոլորտում ոչ հաջող բարեփոխումների՞»,- գրել է Հակոբյանը և դիմելով Փաշինյանին՝ հավելել, որ ստորագրված փաստաթղթի ամեն մի կետն առանձին վերցրած ոչ թե հրաժարականի, այլ ինքնագնդակահարման պատճառ է։ «Բայց դու դրանցից ինը հատ ունես, ու դեռ ճառեր ես կարդում, ուղերձներ հղում, բացատրություններ տալիս․․․ Ու՞մ, հայ ժողովրդի՞ն, բայց չէ, որ դու խոստացել էիր խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ, նաև իրենց համար նախընտրելի հանգուցալուծման պատրաստակամությամբ․․․


Հրաժարականը պահանջ չէ, այլ փրկություն ոչ միայն մեր երկրի և ժողովրդի, այլև առաջին հերթին քո համար։ Բաց մի թող պատմական հնարավորությունդ։ Ես քո ընկերը կամ բարեկամը չեմ, բայց անկեղծորեն շռայլում եմ այս պարզ թվացող, բայց չափազանց արժեքավոր խորհուրդը»։

Դիտվել է՝ 2216

Մեկնաբանություններ